Վ. Պետրոսյանի անվան՝ Գեղարքունիքի մարզային գրադարան
Վ. Պետրոսյանի անվան՝ Գեղարքունիքի մարզային գրադարանը հիմնադրվել է 1883 թվականին՝ Ստ. Բատիկյանի նախաձեռնությամբ:
1999 թվականին գրադարանն անվանակոչվել է գրող, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի անունով:
Գրադարանն ունի մասնագիտական 7 բաժիններ, որոնց գործունեության շնորհիվ հանրությունն ապահովվել է ազատ, մատչելի և հնարավորինս ընդարձակ տեղեկատվությամբ:
Մարզային գրադարանի ֆոնդը համալրվում է գրքերով և պարբերականներով, որոնք ձեռք են բերվում պետական բյուջեի հաշվին և նվիրատվությունների շնորհիվ: 2015 թվականին մարզային գրադարանի ֆոնդը համալրվել է 1032 միավոր գրականությամբ: Տարվա վերջում գրքային ֆոնդը կազմել է 80261 միավոր: 2016 թվականի համար բաժանորդագրվել է պահանջարկ ներկայացնող 15 անուն պարբերական մամուլ:
Շնորհիվ ժամանակակից տեղակատվական տեխնոլոգիաներով վերազինվելու՝ բարձրացել է ընթերցողներին սպասարկելու և նրանց մատուցվող ծառայությունների որակը:
Մարզային գրադարանը հանդիսանում է նաև մշակութային և կրթական բազմաթիվ ծրագրեր ու միջոցառումներ իրականացնող կառույց:
Ազգային ինքնության ճանաչման ու պահպանման նպատակով “Քյավառ” հեռուստաընկերությունը նախագծեց ոչ նյութական մշակութային արժեքների վերականգնման ու տարածման մի ծրագիր: Դա էր թելադրում ազգային դիմագծի վերականգնման անհրաժեշտութունը: Եթե յուրաքանչյուր հայ վերագտնի իր հզոր արմատներն ու իր երեխաներին էլ դաստիարակի այդ ոգով, մենք ավելի ուժեղ եւ ներդաշնակ կապրենք:
Ոչ նյութական մշակութային արժեքների կրողների թիվն ավելացնելու նպատակով էլ հենց կազմակերպվեց հայ ազգային պարի ուսուցում:
Ծրագիրն իրականացվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
Բացառապես ուսուցողական այս նախագծում ընդգրկվել են 7-ից բարձր տարիքի տղաներն ու աղջիկները, ովքեր ցանկանում են հաղորդակից դառնալ ազգային անաղարտ պարին:
Ուսուցանվում են Վանի, Շատախի, Ալաշկերտի, Կարինի, Սասունի եւ շատ այլ շրջանների ռազմապարեր, աշխատանքային, ծիսական-պաշտամունքային պարեր:
Մասնակիցները ծանոթանում են նաեւ աստիճանաբար մարող կամ արդեն մոռացության մատնված մշակութային արժեքներին, հոգեւոր մշակույթին, հայոց պատմությանը, ազգային ավանդույթներին` ծեսեր, սովորույթներ, երգ, էպոս, հեքիաթներ, ստանալու են ռազմահայրենասիրական դաստիարակություն:
Խմբում ընդգրկված երիտասարդների եւ պատանիների նախնիները սերում են Հին Բայազետից: Խումբը 2012 թ. կոչվեց «Դարույնք»` ի պատիվ Բագրատունյաց նախարարների ոստան «Դարույնք» բերդ- ամրոցի:
Խումբը նպատակ ունի վերականգնել Նոր Բայազետի պարանմուշները, երգերը, ազգային ծեսերն ու ավանդույթները:
Խմբի նախաձեռնությամբ նշվել են ազգային տոները, Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոները, կազմակերպվել են ծառատունկ, բաց դասերի շարք Գավառում եւ նրա հարակից համայանքներում, ռազմահայրենասիրական թեմաներով քննարկումներ եւ այլն:
Խումբն ունի Նոր Բայազետին բնորոշ սիմվոլոներով կարված ազգային տարազ: Այն նախագծվել եւ կարվել է «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի արտադրամասի վարպետների կողմից:
Յուրաքանչյուր շաբաթ նաեւ պատրաստվել եւ «Գեղամա» մարզային հեռուստաընկերությամբ եթեր է հեռարձակվել «Ազգային դիմագիծ» հաղորդաշարը, որի շրջանակներում ներկայացվել է խմբի առօրյան, հեռուստադիտողների համար կազմակերպվել է պարի ուսուցում, խոսվել է ուսուցանվող պարի մասին, ներկայացվել է ծագման պատմությունը եւ այլն: Խումբը 2012 –ին Գավառում հանդես է եկել առաջին համերգային` «Իմ հին ու նոր Բայազետ» ծրագրով:
Գավառի Հ. Բունիաթյանի անվան պատկերասրահը ստեղծվել է 1991 թ. ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի՝ քաղաքին նվիրաբերած սեփական հավաքածուի հիման վրա: Ներկայացված են 19-20-րդ դդ. հայ և ռուս անվանի նկարիչների ստեղծագործություններ (գեղանկար, գծանկար, փորագրություն, քանդակ):
Գավառի Հ. Բունիաթյանի անվան պատկերասրահը միակն է ՀԱՊ-ի մասնաճյուղերի շարքում, որի հավաքածուն կազմված է ոչ թե պետական ֆոնդերից, այլ նվիրաբերվել է մասնավոր անձի կողմից: Հավաքածուն ընդգրկում է տարբեր ժամանակաշրջանների հայ և ռուս արվեստագետների ստեղծագործություններ` գեղանկար, գրաֆիկա և կոլեկցիոների դիմաքանդակը, որի հեղինակն է ճանաչված արձանագործ Գետիկ Բաղդասարյանը:
Ի տարբերություն պետական հավաքածուների, որոնք ձևավորվում են ըստ նախապես մշակված հայեցակարգի և հետևողականորեն համալրվում են ժամանակագրական, թեմատիկ, մենագրական և այլ գիտական սկզբունքներով, մասնավոր հավաքածուները հիմնականում կազմվում են անհատի նախասիրությունների և նրա ճաշակի համաձայն: Այս հավաքածուն շատ խոսուն է. երբ ծանոթանում ես ներկայացված աշխատանքներին, պարզ է դառնում, որ մեծ գիտնականը նաև մեծ արվեստասեր էր և արվեստի գործերի իր ընտրության մեջ նպատակասլաց. Եղիշե Թադևոսյան, Էդգար Շահին, Մարտիրոս Սարյան, Հովհաննես Ալխազյան, Հակոբ Կոջոյան, Հովհաննես Զարդարյան, Գևորգ Գրիգորյան, Խաչատուր Եսայան, - ահա այն մեծանուն նկարիչները, որոնք նախանշել և զարգացրել են նոր շրջանի հայ կերպարվեստի ուղիները, յուրաքանչյուրը իր գեղարվեստական լեզվով, իր նկրտումներով: Հավաքածուն ներկայացնում է նաև արվեստագետների մեկ այլ սերունդ, որը, հիմնվելով անցյալ դարերի հայ և համաշխարհային արվեստի ավանդույթների վրա, շարունակելով նախորդների բարձրագույն նվաճումները, ստեղծել է ժամանակին համահունչ նորը, սեփականը, ազգայինը` Մինաս Ավետիսյան, Ռուբեն Ադալյան, Ռուդոլֆ Խաչատրյան, Մարտին Պետրոսյան և այլք:
Հավաքածուի ռուսական արվեստի բաժնում առանձնակի ուշադրության են արժանի իրենց ստեղծագործական գործունեությունը դեռևս 19-րդ դարի վերջում սկսած հանրաճանաչ նկարիչներ Ա. Օստրոումովա-Լեբեդևայի, Ա. Ֆոնվիզինի և Գ. Վերեյսկու գրաֆիկական գործերը:
Հասցե` Զորավար Անդրանինկի 5, ք. Հրազդան, Գեղարքունիքի մարզ
Հեռ.` (+374 264) 2-49-09
Երկրագիտական թանգարան
Գավառագիտական թանգարանը բացվել է 1952 թվականի փետրվարին՝ քաղաքի մտավորականության եռանդուն ջանքերի շնորհիվ:
Թանգարանը կազմավորվել է շուրջ 2-3 տասնյակ իրերով՝ հին փոստի շենքում: Մշակույթի այս օջախի հիմնումը նորություն էր քաղաքում և մեծ էր հասարակության հետաքրքրությունը տարածքի պատմա-ազգագրական նյութերի նկատմամբ: Թանգարանը դարձավ Նոր Բայազետ այցելած օտարերկրյա քաղաքացիների մշտական հաճախման վայր:
1960-ական թվականներից սկսած գավառագիտական թանգարանում ցուցադրությունը կազմակերպվում է 6 բաժիններով՝ տեղավորված իրար մեջ բացվող սենյակներում: Դրանք են՝ հնագիտություն, վաղ միջնադար և միջնադար, ազգագրություն, հեղափոխական և խորհրդային շրջան, Հայրենական մեծ պատերազմ:
1965 թվականին թանգարանի հիմնական և օժանդակ ֆոդերը 680-ն էին, այցելուների թիվը՝ 13 հզ.:
Գավառագիտական թանգարանի բաժիններում ցուցադրվում են հնագույն-անտիկ շրջան՝ դամբարաններից հայտնաբերված իրեր. խարիսխ (4000 տարեկան), ապակյա սրվակ (2500 տարեկան), նիզակներ բրոնզից, դաշույններ, գունազարդ խեցեղենի հիանալի նմուշներ:
Միջնադար և ազգագրություն բաժնում ամփոփված են՝ ազգային սովորույթներ, տարազ, հայ-ռուս բարեկամության թեմայով ցուցադրությունները:
Հոկտեմբերյան հեղափոխության, մայիսյան ապստամբության բաժնում ընդգրկված են փաստաթղթեր Հովհաննես Սարուխանյանի և Բատիկ Բատիկյանի հեղափոխական գործունեության վերաբերյալ, կտրածոներ՝ խորհրդային կարգերի մուտքը Նոր Բայազետ «Ռանչպար», «Կարմիր գութան» լրագրերից, լուսանկարներ:
Հայրենական մեծ պատերազմի բաժնում ցուցադրվում են Երկրորդ աշխարհամարտի մասնակիցների, Իտալիայում զոհված ազգային հերոսներ Մ. Դաշտոյանի, Գ. Քոլոզյանի լուսանկարները և օժանդակ այլ նյութեր:
Խորհրդային շրջան՝ քաղաքի արդյունաբերության, գյուղատնտեսության և մշակութային կյանքին վերաբերող փաստաթղթեր, դիագրամներ և այլն:
Թանգարանի ֆոնդերը համալրվում են գնման և նվիրատվության եղանակով: Մշակույթի նախարարությունը թանգարանին է տրամադրել տարածքի պատմությանն առնչվող բազմաթիվ արժեքավոր նյութեր:
1975-1983թվականներին թանգարանը գտնվում էր վերակազմավորման շրջանում: Երկրագիտական թանգարանը հանգրվանեց նոր շենքում: Նոր ցուցադրությունների հեղինակը պատմական գիտությունների դոկտոր Ս.Ս. Եսայանն է: Ցուցասրահների թեմատիկան համալրվեց գեղանկարիչ Ռոբերտ Ավետիսյանի մեծածավալ կտավներով: Ցուցադրության պլանն ընդգրկեց Սևանի ավազանի պատմությունը նախնադարից մինչև մեր օրերը:
1983 թվականից տնօրեններ են աշխատել Ավ. Դովլաթյանը, Խ. Զիրոյանը: Ներկայումս տնօրենը Բյուրեղիկ Հովեյանն է, ավագ գիտաշխատողը՝ Հասմիկ Հովեյանը, գլխավոր ֆոնդապահը՝ Նատաշա Մուրադյանը:
Թանգարանի ֆոնդերը հասնում են 3540-ի (7353-ի հասնող թանգարանային արժեք): Հնագիտության, ազգագրության, նորագույն պատմության բաժինները համալրվում են նոր նյութերով:
ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանի անունը կրող՝ Գավառի դուդուկի դպրոցը հիմադրվել է 2010թվականին՝ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի անմիջական նախաձեռնությամբ: Այս տարիների ընթացքում դպրոցն անցել է զարգացման ու կայացման ուղի: Այնտեղ ուսանում են արդեն 18 սաներ: Դպրոցի սաները մասնակցել են բազմաթիվ մրցույթ - փառատոնների՝ ինչպես քաղաքային ու հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակներում: 2015 թվականի մարտ ամսին «Նարեկացի արվեստի միությունում» կայացավ դուդուկի դպրոցի սաների առաջին մենահամերգը:
Դպրոցը ղեկավարում է Հայկ Սիրականյանը: