Մեխակ Տիգրանի Ավետիսյան – մանկավարժ, Հայրենական Մեծ պատրեազմի վետերան
Ծնվել է 1922 թվականի հունվարի 15-ին, Նոր Բայազետի շրջանի (ներկայումս՝ Գավառի տարածաշրջան) Սարուխան գյուղում՝ գյուղացու ընտանիքում: 1929- 1939թթ. գերազանցությամբ սովորում և ավարտում է տեղի միջնակարգ դպրոցը: 1939 թվականին ընդունվում է Երևանի մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետը: Նույն տարվա օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 20-ը աշխատում է որպես ուսուցիչ՝ Նորակերտ գյուղում: 1940 թվականին երկրորդ կուրսի ուսանող Մեխակ Ավետիսյանը զորակոչվում է Կարմիր բանակ և ծառայում Մերձբալթիկայում: 1941 թվականին բռնկված Երկրորդ Համաշխարհային պատերազմի մարտական ահեղ գործողությունները երիտասարդին մի երկրից մյուսն են տանում: 1945 թվականին Մեխակ Ավետիսյանն իր զինակից ընկերների հետ Արևելքում էր: Հուլիսի 14-ին Մոնղոլիայում դիրքեր են գրավում Չինաստանի սահմանին մոտ: 1945թվականի օգոստոսի 8-ից մինչև սեպտեմբերի 2-ը մասնակցում է Ճապոնիայի դեմ մղվող կռիվներին: Նույն թվականի դեկտեմբերի 17-ին, ԽՍՀՄ կառավարության որոշմամբ, Մեխակ Ավետիսյանը զորացրվում է: 1946 թվականից սկսվում է նրա մանկավարժական գործունեությունը, որը տևում մինչև 2005 թվականը: Ի դեպ, 1975-1987թթ. Սարուխանի միջնակարգ դպրոցի տնօրենն էր: 1986 թվականին արժանանում է Հանրապետության «Մեթոդիստ ուսուցիչ» կոչմանը:
Մեխակ Ավետիսյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի և «Կարմիր աստղ» շքանշաններով, «Մարտական ծառայության համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» և «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով, բազմաթիվ շնորհակալագրերով: Խաղաղ ժամանակ պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանով, «Ժուկովի», «Բաղրամյանի», «Իսակովի», «Վետերան» մեդալներով և 3 տասնյակից ավելի գովասանագրերով, դիպլոմներով:
2019 թվականին Մեխակ Ավետիսյանը լույս է ընծայել իր՝ «Պատառիկներ կյանքի ճանապարհից» գիրքը: