Համայնքի ընդհանուր նկարագրություն
Աշխարհագրական դիրքը, պատմական համառոտ ակնարկ
Կարմիրգյուղ համայնքը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում: Նախկինում կոչվել է Ղուլալի, իսկ ավելի վաղ՝ Աշնակ։ Հիմնադրվել է 1828թ. երբ սկսվել է ներգաղթը Արևմտյան Հայաստանի Բայազետ նահանգից: Գյուղը նախկինում մտել է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի մեջ: ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1940թ. հունիսի 1-ի հրամանագրով վերանվանվել է Կարմիրգյուղ: Գյուղի միջով հոսում է Գավառագետի «Քոռչայ» վտակը: Գյուղի միջով անցնող գետի երկարությունը կազմում է 5.8 կմ: Գետը՝ գյուղը բաժանում է երկու մասի:
Գյուղի երկարությունը հյուսիսից- հարավ 4200 մ է, իսկ լայնությունը արևելքից- արևմուտք` 1200 մ: Համայնքի վարչական տարածքը 3532.23 հա: Հեռավորությունը մայրաքաղաքից՝ 105 կմ է: Համայնքի հեռավորությունը մարզկենտրոնից կազմում է 3 կմ, իսկ Սևանա լճից գտնվում է 6 կմ դեպի արևմուտք: Հարավից սահմանակից է Սարուխանին, իսկ արևմուտքից` Գանձակին:
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակարդակից 2130 մ է: Հատակագիծը անկանոն է, երկարավուն տեսքով: Ռելիեֆը ընդհանուր առմամբ հարթավայրային է, բայց մասնատված է առանձին հատվածների, որոնք իրարից բաժանված են զառիթափ լեռնալանջերով («Հորթերի դոշ», «Դարի գլուխ»): Հարուստ է բազալտի և ավազի հանքերով, որոնց պաշարները գործնականում անսպառ են:
Բնակչությունը զբաղվում է երկրագործությամբ, անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, մասամբ՝ձկնորսությամբ:
Ժողովրդագրություն
2016թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքն ունի 2075 տնտեսություն և 6543 բնակիչ, որից տղամարդ` 3277, կին` 3266։
Բնակչության սոցիալական կազմը հետևյալն է՝
երեխաներ (0-6տ) – 491
դպրոցականներ (7-17տ) – 781
18-ից բարձր - 4504
թոշակառուներ – 685
հաշմանդամներ – 464
աշխատունակներ – 4480
միակողմանի ծնողազուրկ երեխաներ – 27
երկկողմանի ծնողազուրկ երեխաներ – 2
տնային տնտեսությունների (ծխերի) թիվը – 2075
ընտանեկան նպաստների համակարգում գրանցված ընտանիքներ – 418
Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներ – 6
բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներ - 650
Համայնքի վարչական տարածքը
Համայնքի վարչական տարածքը կազմում է 3532.23 հա, որից բնակավայրի տարածքը` 380.36 հա, իսկ վարելահողերը` 1324.59 հա: