fon
logo
  


ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ`

Հեռավորությունը Երեւանից – 98 կմ

Գավառը  Գեղարքունիքի մարզի վարչական, կրթական եւ մշակութային կենտրոնն է:

Ներկայիս Գավառ /տարբեր ժամանակներում` Նոր Բայազետ, Կամո/ քաղաքի եւ նրա շրջակա գյուղերի բնակիչների մեծ մասը վերաբնակեցվել են հին Բայազետից, որը պատմական Հայաստանի հիշարժան բնակավայրերից մեկն էր` իր բերդով, եկեղեցիներով, սրբավայրերով, հերոսական անցյալով:

Գավառ քաղաքն, ինչպես նաեւ իր տարածաշրջանը, ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացույցի», մտել է Մեծ Հայքի Սյունիքի նահանգի մեջ: Գավառ քաղաքի բնակատեղին գոյություն է ունեցել մ.թ.ա. 8-րդ դարում: Քաղաքը հիմնադրվել է Ուրարտական թագավոր Ռուսա 1-ի կողմից /մ.թ.ա. 735-713թթ./, որի ապացույցն է Գավառի «Դարի գլուխ» կոչված դամբարանադաշտում հայտնաբերված մ.թ.ա. 732թ. սեպագիր արձանագրությունը: Հնագիտական պեղումներից պարզվել է, որ այս տարածքը բնակեցված է եղել մ.թ.ա. 2-1 հազարամյակից: Քաղաքը բնակեցված է եղել նաեւ Արշակունիների թագավորության ժամանակահատվածում /66-428թթ./:

Գաղթական բայազետցիները Գավառ պատմական ավանի տեղում 1830թ. հիմնում են                    Նոր Բայազետ բնակավայրը: Գավառը 1830թ. դառնում է Հայաստանի կարեւոր տնտեսական կենտրոններից մեկը, իսկ 1960 – 1991թթ. քաղաքում կառուցվում են արդյունաբերական բազմաթիվ ձեռնարկություններ, բազմաթիվ բազմաբնակարան շենքեր, ասֆալտապատվում են փողոցները եւ լուսավորվում:

ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ`

Կլիմայական պայմանների տեսանկյունից տարածքը բաժանվում է երկու` բարեխառն երկարատեւ տաք ամառներ եւ ցուրտ ձմեռներ ունեցող գոտիների, որոնք համապատասխանաբար բնորոշ են լեռնատափաստանային եւ լեռնամարգագետնային գոտիների:

Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով: Մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը 450մմ է: Արեւային օրերի քանակը տարեկան կազմում է մոտ 320 օր: Ունի բազալտի չափավոր պաշարներ: Հարուստ է հանքային ջրերով: Մեծ գետը Գավառագետն է: Շրջանի տարածքում է գտնվում Ակնա լիճը:

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ`

Գավառը` իր մեձակա տարածքով գտնվում է Սեւանի ավազանի արեւմտյան մասում, Գեղամա լեռնաշղթայի արեւելյան լանջերին` 7-8 բալանոց սեյսմիկ գոտում: Գավառագետի ավազանի տարածքի մոտ 80% -ը գտնվում է մինչեւ 2000մ բարձրության վրա: Ամենաբարձր լեռնագագաթը Աժդահակն է` 3598մ բարձրությամբ:

 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ`

Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է, սակայն աշխուժություն է նկատվում նաեւ առեւտրի եւ արհեստագործության բնագավառներում: Հաճախակի են երաշտի տարիները, որից տուժում է գյուղատնտեսությունը:

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

Գավառ համայնքը ժամանակին հանդիսացել է արդյունաբերական հզոր կենտրոն: Քաղաքում գործել են յուղ-պանրի, ավտոնորոգման, կաբելի, սարքաշինական, «Սեւան» հանքային ջրերի, փայտամշակման գործարանները, տրիկոտաժի, կարի, կոշիկի ֆաբրիկաները, մսի կոմբինատը, «Դիպոլ» արտադրական միավորումը: Սակայն այսօր արտադրությունն ամբողջովին դադարեցված է: Այժմ քաղաքում գործում են արտադրական, սպասարկման մասնավոր ձեռնարկություններ եւ անհատ ձեռներեցներ:

 

ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ`

Գավառ համայնքում 2016 թվականի դրությամբ հաշվառված է 29057 բնակիչ, որից 16649 տղամարդ, 12408 կին: 0-18 տարեկաններ` 5957, տնային տնտեսությունների թիվը՝ 6950: